ԻՏՁՄ-ն ամփոփել է 2016-ը

ԻՏՁՄ-ն ամփոփել է 2016-ը

http://www.itel.am/am/news/8707

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) 2016թ. իրականացրել է մի շարք միջոցառումներ` ուղղված Հայաստանում մրցունակ գիտատեխնիկական կրթական համակարգի, գործարար եւ ռազմարդյունաբերության ոլորտների աջակցմանը:

ԻՏՁՄ-ի ջանքերով Հայաստանում (ներառյալ՝ Արցախում) արդեն գործում է 193 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որոնցից 128-ը հիմնվել են 2016թ. ընթացքում: Օրերս կայացած ԻՏՁՄ ամանորյա միջոցառման մուտքավճարներից գոյացած հասույթն ամբողջությամբ ուղղվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի միջնակարգ դպրոցում «Արմաթ» լաբորատորիայի ներդրմանը:

Անցնող տարում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն արժանացել են 2 միջազգային մրցանակի: Դրանք են Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի WITSA Global Excellence Award մրցանակաբաշխության «Կայուն զարգացման» եւ Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» տիտղոսները (The best provider of IT education):

Տեխնոլոգիական կրթության բարելավմանն ու խրախուսմանն ուղղված միջոցառումներից են նաեւ ՀՀ-ում ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում անցկացվող «Ական փնտրող ռոբոտներ» եւ «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթները, «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը, «ԴիջիԿոդ» պատանեկան ծրագրավորման մրցույթը, «Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնությունը, «ԴիջիՔեմփ» նորարարական ճամբարը, ինչպես նաեւ «Տեխնոլոգիական» ամառային ճամբարը, որին այս տարի մասնակցել են շուրջ 700 դպրոցականներ ՀՀ բոլոր մարզերից:

2016թ. ԻՏՁՄ անդամների շնորհիվ Շուշիի Իրական դպրոցի հենքի վրա ստեղծվել է «Իրական դպրոց» նոր կրթական ծրագիրը, որը նախատեսված է ավագ դպրոցի դասարանի աշակերտների համար: Առաջին տարին ներառում է հանրակրթական ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական ծրագիրը։ Հաջորդ երեք տարիներին ուսանողները ստանում են մասնագիտական կրթություն` «Համակարգերի տեսություն» մասնագիտության ծրագրին համապատասխան։ «Իրական դպրոցում» սովորում են արդեն 20 աշակերտներ:

ՏՀՏ բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու համար միության կողմից այս տարի կազմակերպվել է 11-րդ «ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսը (շուրջ 120 ընկերություն, 60 հազ. այցելու), «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը (շուրջ 1000 մասնակից), Բիզնես ինովացիոն ֆորումը, որտեղ քննարկվել է Հայաստանը 2018թ. 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու ծրագիրը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը եւ «Նախաճաշ նախարարի հետ» ձեւաչափի հանդիպումներ: Այս տարի ստեղծվել է նաեւ «BrainLab» բիզնես հանդիպումների ոչ պաշտոնական ֆորմատի նոր հարթակը: Այն անցկացվում է միջազգային եւ տեղական առաջատար կազմակերպությունների ղեկավարների փորձի փոխանակման, բիզնես հարաբերությունների ստեղծման ու զարգացման նպատակով:

Հայկական ՏՏ պատվիրակությունը՝ ի դեմս ԻՏՁՄ-ի, այս տարի մասնակցել է նաեւ Բրազիլիայում տեղի ունեցած ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT), որը միության ջանքերով 2019թ. անցկացվելու է Հայաստանում:

Ապրիլյան պատերազմի օրերին ԻՏՁՄ հայտարարել էր ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որտեղ ընդգրկված են մի շարք կամավոր ծրագրավորողներ, ինժեներներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, բժիշկներ եւ այլ մասնագետներ, որոնց թիվը հասնում է 300-ի: ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի շրջանակում իրականացվում է նաեւ «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը: Այս ծրագրի նպատակն է ծրագրավորում սովորեցնել ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայություն անցած այն երիտասարդներին` ովքեր ցանկություն ունեն մասնագիտանալու ՏՏ ոլորտում: Դասընթացի շրջանակում նախկին զինծառայողները սովորել են ծրագրավորման լեզուներ եւ մասնագիտական անգլերեն: Հունվարին նրանք փորձաշրջան կանցնեն ՏՏ ընկերություններում: Առաջիկայում կմեկնարկեն հերթական դասընթացները ավելի քան 80 զորացրված երիտասարդների համար:

ԻՏՁՄ-ն իրականացրել է նաեւ մի շարք այլ միջոցառումներ ՀՀ եւ միջազգային ընկերությունների հետ համատեղ:

Կատեգորիաներ

Հետևեք մեր Ֆեյսբուքյան էջին

Հետաքրքիր է իմանալ

  • Web AugmentAr

    Ձեր առկայությունը ինտեռնետում մեր օգնությամբ

  • Shop AugmentAr

    Այցելեք ՕգմենթԱր ընկերության կայք-խանութը և այնտեղ դուք կարողեք գնումներ կատարել online տարբերակով

Back to Top