21-րդ դարի բժշկությունը Հայաստանում. մաշկի, օրգանների ստացումը՝ մեր բժիշկների ձեռքերում է

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի- Sputnik, Արամ Գարեգինյան. Կանցնի մի քանի տարի, և այսօրվա դպրոցականները կկարողանան պաշտպանական, գյուղատնտեսական, արդյունաբերական տեխնիկա ստեղծել: Եվ, ինչու ոչ, հիվանդանոցներում այրված մաշկ կամ ջարդված ոսկորներ փոխարինել:

Հայաստանի գիտնականները փոքր քայլերով այս տեսլականը մոտեցնում են իրականությանը: Խոջաբաղյան եղբայրներն էլ ցանկանում են դա անել իրենց հայրենի Գորիսում:

Բիոտպիչներն արդեն շատ ավելի հասանելի են, քան տարիներ առաջ, նշում է Augmentar ընկերության տնօրեն Արտուր Խոջաբաղյանը: Պարտադիր չէ գնել նոր տպիչ, բավարար է եղածին ավելացնել համապատասխան գլխիկ:

«Կարծում ենք, որ սա կարող է հետաքրքրել բժիշկներին, ինչպես նաև այն դպրոցներին, որոնք ցանկանում են իրենց մոտ ունենալ բիոինժեներիայի աշխատանոց: Այստեղ աշակերտները կկարողանան տեսնել, թե ինչ է արհեստական մաշկը կամ արհեստական օրգանները», — ասում է Արթուրը:

Աշխարհում արդեն մի քանի բժշկական կենտրոններ սինթեզում են ոչ միայն առանձին հյուսվածքներ, այլև ամբողջական օրգաններ: Վերջիններս արդեն կիրառվում են դեղամիջոցների փորձարկման համար: Իսկ ոչ հեռու ապագայում հնարավոր կլինի նաև հիվանդներին պատվաստումներ կատարել, վստահ է Զաքար Խոջաբաղյանը, որը մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ է:

«Ի տարբերություն այլ անհատից վերցված օրգանի կամ հյուսվածքի, մարդու սեփական բջիջներից աճեցվող հյուսվածքներն ու օրգանները գործնականում շրջանցում են իմունաբանական այն խնդիրները, որոնք տրանսպլանտացիայի (փոխպատվաստման) հիմնական բարդությունն են։ Սա նշանակալի առավելություն է ստեղծում և ուրվագծում բժշկագիտության զարգացման հիմնական ուղղությունը»,- մեզ հետ զրույցում ընդգծում է Զաքարը:

Տարիներ առաջ Հայաստանում ևս փորձեր են կատարել` մարդու մաշկ ստանալու: Նշանակալի հաջողությունների էին հասել այրվածքաբան Հ. Շամախյանը և գործընկերները։ Այն ժամանակ հիմնական խնդիրներից էր անել այնպես, որ մաշկի հյուսվածքը ունենա բնականին համարժեք որակներ: Իսկ դրա համար անհրաժեշտ էր, որ այն «սոսնձող» սպիտակուցը՝ կոլագենը, այստեղ-այնտեղ չկուտակվի, այլ կանոնավոր դասավորվի մաշկի կառուցվածքում:

Եռաչափ տպագրությունն արդեն իսկ թույլ է տալիս լուծել այդ խնդիրը։ Սակայն առանձին լուծում է պահանջում աշխատանքային մատերիալի (բջիջների) ստացումը, դրա սառեցումը, ստերիլ պահպանումը, ստացված հյուսվածքի կենսունակության ապահովումը և այլն։

Այս խնդիրները լուծողները կարող են դառնալ այսօրվա դպրոցականները, եթե ժամանակին տեսնեն, թե ինչ հետաքրքիր է բիոինժեներիան, կարծում է Զաքարը:

«Հայաստանում, իհարկե, դեռ մի փոքր վաղ է խոսել ամբողջական օրգանների ստացման մասին։ Սակայն արդեն մոտ ապագայում իրատեսական եմ համարում, որ մեր երկրի մասնագետները կստանան առնվազն վերնամաշկ՝ էպիդերմիս, որը լայնորեն կկիրառվի այրվածքաբանության ու պլաստիկ վիրաբուժության մեջ, ինչպես նաև դեղերի ու կոսմետիկայի փորձարկման մեջ։ Նմանատիպ գաղափարներ կան նաև աճառային հյուսվածք «տպելու» ուղղությամբ»,- ասում է նա:

Այս լավատեսության հիմք են տալիս մի շարք հայազգի մասնագետներ` այստեղ և արտերկրում: Վերջերս Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում՝ իմունաբանության և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայում (վարիչ՝ պրոֆեսոր, կ.գ.թ. Զարուհի Կարաբեկյան) տեղադրվել է ժամանակակից ինկուբատոր, որտեղ հետազոտվում է բջիջների և հյուսվածքների կենսունակությունը։

Մի շարք հայ մասնագետներ աշխատում են աշխարհի առաջատար կենտրոններում։ Նրանցից մեկը՝ Տաթևիկ Գրիգորյան-Սահակյանցը, աշխատում է Հարվարդի համալսարանի ու դրա բժշկական դպրոցին կից Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցում՝ հյուսվածքային ինժեներիայի և օրգանների արտադրման լաբորատորիայում։ Իսկ Լիոնում աշխատող ձեռքի վիրաբույժ Արամ Ղազարյանը ղեկավարում է մի ամբողջ վիրաբուժական թիմ` կատարելով ձեռքի փոխպատվաստումներ։

Նրա աշակերտներից մեկն է բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Աբրահամյանը, ով հետազոտական թիմ է ղեկավարում FMD KL Europe Հայաստանի գրասենյակում, որտեղ էլ և գտնվում է տարածաշրջանում առաջին բիոտեխնոլոգիական կենտրոնը։

«Այս ամենը փաստում է, որ մենք ունենք ողջ անհրաժեշտ պոտենցիալը՝ լինելու ոլորտի առաջատարներից՝ առնվազն տարածաշրջանում», — ասում է Զաքարը:

Որպես առաջին քայլ` եղբայրներն ուզում են հավաքել գոնե երկու-երեք բիոտպիչ՝ տրամադրելով դրանք դպրոցներին կամ ուսանողական թիմերին:

Read more: https://armeniasputnik.am/armenia/20180529/12320672/armenia-bjshkutyun-armat-goris.html

Կատեգորիաներ

Հետևեք մեր Ֆեյսբուքյան էջին

Հետաքրքիր է իմանալ

  • Web AugmentAr

    Ձեր առկայությունը ինտեռնետում մեր օգնությամբ

  • Shop AugmentAr

    Այցելեք ՕգմենթԱր ընկերության կայք-խանութը և այնտեղ դուք կարողեք գնումներ կատարել online տարբերակով

Back to Top